Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի ու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով մի հանդիպում էլ: Արցախի նախագահը մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպումից:
«Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ այսօրվա հադիպմանս շարունակությունը ընդլայնված կազմով էր: Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների և անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների և բնակելի տներով ապահովման հարցերը:
Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչև 2021 թ. վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին՝ սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022-ի վերջը»,- տեղեկացրել է նա: