ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց հնչեցրեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս արած հայտարարության վերաբերյալ, թե Արցախյան հակամարտության բանակցային սեղանին դրվա՞ծ է փուլային կարգավորման հարցը:
Նախարարը մանրամասնեց, որ որպես բանակցողի՝ իրեն անհրաժեշտ է համադրել այն, ինչ անհրաժեշտ է արտահայտել հրապարակայնորեն, և այն, ինչ պետք է անել, որ բանակցային գործընթացը սահուն շարունակվի՝ մեր որդեգրած կարևորագույն սկզբունքներին համապատասխան:
«2019-ի ընթացքում համանախագահների ներգրավմամբ բավական ծանր աշխատանք է եղել: Սկզբունքորեն, մենք բավական թափանցիկ խոսել ենք այն ծավալի մեջ, որը հնարավոր է»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը հիշեցրեց իր հայտարարությունը Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ. դրանում, ըստ նրա, հստակ ամրագրված են հայկական կողմի մոտեցումները:
«Մենք միշտ խոսել ենք, որ հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա: Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, և որը վնասում է մեր ազգային անվտանգությանը: Այստեղ ուղղակի շատ էական է լինել սառնասիրտ և հանգիստ: Իհարկե շատ հետաքրքիր է ներքին դաշտում՝ քաղաքական կոնտեքստը հաշվի առնելով շատ գունավոր ձևերով արտահայտվել: Բայց այն, ինչ որ ասում ենք, ավելի քան հստակ է և ավելի քան ուղղորդում է մեր ներգրավումը բանակցային դաշտում»,- նշեց նախարարը:
Մնացականյանի խոսքով՝ կարևորագույն սկզբունքներից մեկը վերաբերում է մեր երկրի ներքին քաղաքականությանը: Մնացականյանը նշեց, որ կտրականապես մերժվել է բանակցային գործընթացում սպառնալիքի գործոնը:
«Այսինքն՝ սպառնալիքի լեզուն ժխտված է: Բանակցային լեզուն՝ ընդունված: Այդ բանակցությունների մեջ գոյություն ունեն այն սկզբունքները, որոնց մասին մենք միշտ խոսել ենք: Իսկ մյուս խնդրին անդրադառնալով նշեց, որ ես որևէ կերպ չեմ ներգրավվելու մրցակցության մեջ, թե ով է ավելի հայրենասեր, ով՝ ոչ: Երբ մենք ներգրավված ենք բանակցություններում, առավել քան լուրջ ենք մենք այն հարցերի շուրջ, որոնք Հայաստանի գերակայությունն են, որովհետև դա մեր միասնական, հավաքակյան անվտանգությունն է: Արցախի ժողովրդի անվտանգությունը մենք բերել ենք առաջ՝ որպես կարևորագույն խնդիր: Իսկ այն, ինչ գոյություն ունի այսօր իրականում, անվտանգային համակարգ է և պաշտպանական գծեր»,- նշեց Մնացականյանը:
Արցախի կարգավիճակի մասին խոսելիս նախարարը նախ մանրամասնեց, թե ինչ նկատի ունի կարգավիճակ ասելով:
«Ես ի՞նչ կարող եմ նկատի ունենալ ստատուսի առումով: Այսինքն՝ մրցակցության կարիք չկա: Մեր դիրքերը շատ-շատ ամուր են, և ինձ ավելի հանգիստ եմ զգում այդ առումով, քանի որ ընդհանուր առմամբ մեր հասարակության մեջ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, որն էլ ավելի է ամրապնդում մեր ուժերը: Ես հասկանում եմ, որ կա քաղաքական մրցակցություն, և տարբեր օգտագործումը խնդրի ներքին քաղաքականության մեջ է: Սրանից խուսափելը շատ դժվար է: Բայց էական է վստահ լինել, որ մեր ներգրավումը բանակցություններում հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի վրա, համազգային կոնսենսուսի վրա, որ Արցախի անվտանգային խնդիրները առաջնային են, Հայաստանը եղել և մնում է միակ երաշխավորը, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, և որ ստատուսի և անվտանգության շուրջ յուրաքանչյուր քննարկում հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի վրա՝ դիրքորոշումների այնպիսի համադրություն, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք կամ ամրապնդում ենք հիմա կամ ավելի երկար ժամանակով այն, ինչն ամենաառաջնայինն է»,- նշեց նախարարը: