Բրիտանական համալսարաններն ու հետազոտական հաստատությունները, որոնք ներգրավված են կորոնավիրուսային պատվաստանյութերի մշակման գործում, ենթարկվել են հակերային հարձակման: Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Կիբեռանվտանգության ազգային կենտրոնին (NCSC):
Կիբեռանվտանգության փորձագետների կարծիքով՝ հարձակումների նպատակն է գողանալ COVID-19-ի հետ կապված հետազոտությունները, ներառյալ պատվաստանյութերի մշակումները: Փորձագետները կասկածում են, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կանգնած են հակերության փորձերի հետևում: Ըստ NCSC-ի, մինչ այժմ նրանցից ոչ մեկը հաջողություն չի ունեցել:
Ըստ մասնագետների՝ պատվաստանյութերի մշակման հարցում գոյություն ունի աշխարհաքաղաքական մրցակցություն, և համաճարակի ժամանակ կիբեռհարձակումների թվի ավելացումը տրամաբանական է:
The Guardian-ը նշում է, որ բրիտանացի գիտնականները հաջողություններ ունեն COVID-19-ի պատվաստանյութ ստեղծելու հարցում: Ապրիլի վերջին Օքսֆորդի համալսարանում սկսվեց մարդկանց կլինիկական հետազոտությունների առաջին փուլը: