Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թ. մայիսի 1-ին՝ ժամը 12:40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Սարի Թաղի 32-ամյա բնակիչ՝ աջ ազդրի հրազենային վնասվածք նախնական ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ:
Պարզվել է, որ 2020 թ. մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղի 28-րդ փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձը ատրճանակից կրակոց է արձակել 32-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:
Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ և արնանման նյութի հետքեր, հարցաքննվել են վկաներ, կատարվել են առգրավումներ, լուսանկարով ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ վերը նշված անձին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելու ուղղությամբ: