ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Հայաստանում նախքան արտակարգ դրություն հայտարարելը նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար 1000-ից ավելի ընտրատեղամասերում տեղադրվել էին տեսախցիկներ:
«Այս հանրաքվեի կազմակերպման ընթացքում Կառավարության կողմից առանձին տողով հատկացվեցին միջոցներ՝ տեսախցիկներ տեղադրելու հետ կապված: Մենք արդեն սկսել էինք այդ 1500 տեղամասում տեսախցիկներ տեղադրելու աշխատանքները, կազմակերպությունն առկա է: Աշխատանքը նույնիսկ ավելի արագ էր ընթանում, քան համապետական ընտրությունների ժամանակ: Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ աշխատանքները դադարեցվեցին, սակայն շարված տեսախցիկները բոլորը հանձնվել են այդ հաստատությունների ղեկավարների պատասխանատվությանը, և վերսկսման պարագայում աշխատանքները շարունակվելու են»,- ասաց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը նշեց, որ մոտ 1200 տեղամասում արդեն տեղադրված էին այդ տեսախցիկները: 2000 տեղամասից 1508 տեղամասում կլինեն տեսախցիկներ: ԿԸՀ նախագահի խոսքով, ընտրատեղամասերը, որտեղ քվեարկելու է ընտրողների 92-93 տոկոսը, լինելու են տեսախցիկների ծածկույթում: