Հայաստանն այս ընթացքում մշտական կապի մեջ է եղել համանախագահների հետ՝ հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
«Մենք մնում ենք շատ սերտ կապի մեջ և շարունակում ենք տարբեր քննարկումներ՝ կապված առաջին հերթին իրավիճակին արձագանքելու հետ և զինադադարի ռեժիմը պահպանելու առումով»,- ասել է Մնացականյանը:
Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ այս շրջանում պահպանվում է համեմատաբար հանգիստ վիճակ: «Բայց մենք անմիջապես ենք արձագանքում ցանկացած զարգացման, որն անհանգստության առիթ է տալիս»,- ասել է նա՝ կարևորելով գլոբալ զինադադարը պահպանելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:
«Բնականաբար, ներկայիս պայմաններում սա էական է բոլորիս համար»,- ընդգծել է նախարարը: