ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 3 դեպք. ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հիմա ակադեմիական մեծ դեբատ է ընթանում՝ արդյոք դա կրկնակի՞ վարակ է, թե՞ եղել է վիրուսի ապաակտիվացում, հետո՝ ակտիվացում, կամ վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, սակայն այն առկա է բջիջներում: ՀՀ-ում եղել է նման 3 դեպք, որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել է դուրսգրումից մոտ 2 շաբաթ հետո»,- նշեց նա՝ հավելելով, թե որևէ գանգատ, ախտանիշ չունեցող քաղաքացիներն այժմ մեկուսացված են:
Հարցին ի պատասխան՝ եթե կրկնակի վարակված քաղաքացիներն ախտանիշ չեն ունեցել, ինչո՞ւ է կրկնակի թեստավորման անհրաժեշտություն առաջացել, նախարարը պարզաբանել է. «Հատուկ այդ հարցի պատասխանը ստանալու համար փորձնական թեստ ենք արել մոտ 50 քաղաքացու և հայտնաբերել ենք որոշների մոտ»:
Թորոսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ 9 քաղաքացու միացված են թոքերի արհեստական օդափոխությանն սարքեր: Ըստ նրա՝ կա 35 ծայրահեղ ծանր, 65՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում քաղաքացիների թիվը մոտ 2 հազար է, հիվանդանոցային համակարգում 350 ազատ մահճակալ կա: