«Այս փուլում խոցելիության մասշտաբի և տարբեր խոցելի խմբերի առկայության դեպքում մենք կիրառում ենք սոցիալական աջակցության փաթեթները: Ապրիլի 30-ի դրությամբ մենք արդեն ունենք տրամադրված շուրջ 14 միլիարդ 511 միլիոն դրամ աջակցություն: Շահառուների ընհանուր թիվը կազմում է 1 միլիոն 264 հազարը»,- հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը՝ ընդգծելով, որ կան նաև տարբեր ծրագրերից օգտված ընտանիքներ:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում փոխնախարարը տեղեկացրեց, որ աշխատաշուկայի վրա բացասական հետևանք է ունենալու համաճարակը և դրան հաջորդող ժամանակահատվածը: Նրա խոսքով՝ համավարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է, որ գործազրկությունը երկրում կավելանա 1.3 տոկոսով՝ 17.7 տոկոսից դառնալով 19 տոկոս: Թվային առումով, Ուդումյանի փոխանցմամբ, կլինի մոտ 40 հազար հավելյալ գործազուրկ: Նրա կանխատեսմամբ՝ գործազրկությունն առավել զգալի կլինի սպասարկման, հանրային սննդի, մասամբ՝ նաև շինարարության ոլորտներում:
«Պետք է մարտավարական քայլեր մշակել՝ տարբեր շահառու խմբերի համար հասցեական ծրագրեր ունենալու»,- ասաց Արման Ուդումյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին նախարարությունը
երկու ծրագիր է մշակել, որոնք ուղարկվել են Կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու համար: