Ավարտվել է 2020 թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում, մեկ անձի կողմից հրացանով «Էրեբունի պլազա» կենտրոն մտնելու, անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Ա. Թ.-ն, հանդիսանալով «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամ, 2020 թ. հունվարի 8-ին իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Սայգա» տեսակի հրազեն և փամփուշտներ: 2020 թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նա մուտք է գործել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գտնվող «Էրեբունի պլազա» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն, որտեղ իր մոտ պահվող նշված հրազենով առաստաղին կրակ է արձակել, ապա անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ վերոնշյալ զենքի փողն ուղղել է դեպի ընդունարանի աշխատակցուհին և պահանջել իրեն ուղղեկցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Ստանալով տվյալ գրասենյակը փակ լինելու մասին պատասխան՝ բոլորին կրակելու սպառնալիքներով շարժվել է բիզնես կենտրոնի մարզասրահի ուղղությամբ՝ զենքի փողն ուղղել դեպի ավտանգության աշխատակիցներից մեկը՝ նույնաբովանդակ պահանջ ներկայացնելով նաև նրան: Սակայն տեղեկանալով, որ այդ ուղղությամբ միայն մարզասրահն ու վարսավիրանոցն են, վերադարձել է ընդունարան, ևս մեկ կրակոց արձակել այդտեղ գտնվող բազմոցի և սյան ուղղությամբ՝ վնասելով գույքը: Ապա զենքի փողն ուղղել է մեկ անձի կրծքավանդակին, հայտնել, որ վերջինս պատանդի կարգավիճակում է և պահանջել իր մոտ կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Նա նաև հայտնել է, որ պատանդին կազատի միայն իր պահանջը կատարելուց հետո՝ նպատակ ունենալով Վ. Սողոմոնյանին հանդիպելուց և վերջինիս ևս պատանդ վերցնելուց հետո ներկայացնել նոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին իր հետ հանդիպման կանչելու պահանջ։
2020 թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Ա. Թ.-ն տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, հանցավոր արարքը կատարելիս գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում: Ըստ փորձաքննության եզրակացության՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ա. Թ.-ին հարկ է ճանաչել անմեղսունակ, իսկ ներկա հոգեկան վիճակով նա սոցիալապես վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար և ունի մեկուսացման, հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման կարիք:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել, միաժամանակ, դատարանի 2020 թ. մարտի 21-ի որոշմամբ Ա. Թ.-ն, որպես անվտանգության միջոց, տեղավորվել է հոգեբուժական հիվանդանոցում, ինչից ելնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը և քրեական գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: