2020 թ. մայիսի 1-ին ազգությամբ շվեդ տկն Աննա Բյերդեն նշանակվեց Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ։ Այս պաշտոնում տկն Բյերդեն կղեկավարի Համաշխարհային բանկի ռազմավարական, վերլուծական, գործառնական ու փորձագիտական աշխատանքը տարածաշրջանում։
Տկն Բյերդեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավարումը ստանձնում է Բանկի շահառու երկրների համար բացառիկ դժվարին մի ժամանակաշրջանում։ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով շատ երկրներ մաքառում են առողջապահական, սոցիալական ու տնտեսական ծանր հետևանքների դեմ։ Այս տևական անորոշության պայմաններում Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական վիճակի մասին նորություններում խոսվում է տարածաշրջանում աճի անբարենպաստ սցենարների, այդ թվում՝ 2020 թվականին խոշոր տնտեսական անկման մասին, երբ աճի կրճատումը լինելու է -4.4-ից -2.8 տոկոսի սահմաններում։
«Որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ՝ ես սերտորեն աշխատելու եմ մեր շահառու երկրների կառավարությունների հետ, որպեսզի նրանց օգնենք զարգացման լուրջ արդյունքների հասնել, սակայն մեր անմիջական ուշադրության կենտրոնում լինելու է կորոնավիրուսային համավարակի առողջապահական ու տնտեսական հետևանքների հասցեագրումը», նշել է Աննա Բյերդեն՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը։ «Կարճաժամկետ հեռանկարում տրամադրելու ենք արագացված ընթացակարգով ֆինանսավորում և քաղաքականության գործիքներ, որոնք կօգնեն պաշտպանել մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Միջնաժամակետ հեռանկարում կօգնենք երկրներին ճիշտ քաղաքականությունների և ֆինանսավորման միջոցով մեղմել ճգնաժամի պատճառած տնտեսական ու ֆիսկալ ցնցումները»։
Առ այսօր Համաշխարհային բանկն ավելի քան 1.4 միլիարդ դոլար է նախատեսել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքները մեղմելու գործում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին օգնելու համար։ 2020 թվականի ապրիլի 2-ից շուրջ 490 միլիոն դոլարի հատկացում է հաստատվել օպերատիվ արձագանքման նոր ծրագրերի համար։ Բացի այդ, առկա նախագծերի և վարկային ծրագրերի շրջանակներում, այդ թվում՝ լրացուցիչ ֆինանսավորման միջոցով մինչև 925 միլիոն դոլար է վերատեղաբաշխում, օգտագործվում կամ տրամադրվում երկրներին՝ ՔՈՎԻԴ-19-ի հակազդման միջոցառումներին օգնելու նպատակով։
Այս ֆինանսավորմամբ վճարվելու է բուժսարքավորումների, այդ թվում՝ թեստեր, շնչառական սարքեր և օդափոխիչներ, առողջապահական համակարգերի կարողությունները հզորացնելու, այդ թվում՝ բուժաշխատողների վերապատրաստելու, ինչպես նաև կորոնավիրուսից տուժած ամենից անապահով մարդկանց սոցիալական պաշտպանության համար։ Տարածաշրջանի մի շարք երկրներ այս ընթացքում Համաշխարհային բանկի հետ քննարկումներ են տանում ապագա ծրագրերի և այն օժանդակության շուրջ, որն անհրաժեշտ է լինելու համավարակի հետևանքների հասցեագրման համար։
Տկն Բյերդեն իր քսանհինգ տարվա կարիերայի ընթացքում մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում։ Նա ճանաչված է որպես տնտեսական զարգացման հարցերով առաջատար, որի ուշադրության կենտրոնում ներառական աճն ու կայուն զարգացումն են։ Տկն Բյերդեն պրն Սիրիլ Մյուլերի իրավահաջորդն է, որը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահի պաշտոնը ստանձնել էր 2015 թ. հուլիսին։
Համաշխարհային բանկի խմբի արձագանքը ՔՈՎԻԴ 19-ին
Համաշխարհային բանկի խումբը, որը զարգացող երկրների ֆինանսավորման և փորձագիտական տեղեկատվության ամենամեծ աղբյուրներից է, ընդգրկուն, արագ քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի զարգացող երկրներին ուժեղացնել համավարակի հակազդման գործառույթը։ Մենք ավելացնում ենք էպիդեմիոլոգիական վիճակի վերահսկողությունը, բարելավում հանրային առողջապահական միջոցառումները և օգնում ենք մասնավոր հատվածին, որ շարունակեն աշխատել և պահել աշխատատեղերը։ Հաջորդ 15 ամիսների ընթացքում մինչև 160 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցությամբ օգնելու ենք երկրներին անապահով և խոցելի խավին պաշտպանելու, բիզնեսներին աջակցելու և տնտեսության վերականգնումը խթանելու հարցում․ սա ներառելու է նաև Զարգացման միջազգային ասոցիացիայից (IDA) նոր ներգրաված 50 միլիարդ դոլարի ռեսուրսներ՝ դրամաշնորհների տեսքով կամ խիստ արտոնյալ պայմաններով։
Կապը մեր մեդիա թիմի հետ`
Վաշինգտոնում՝ Կարլ Հանլոն, (202) 4608526, [email protected]
Կիմ Սմիթիս, (202) 458 0152, [email protected]
Սոնա Փանաջյան, (202) 473 9751, [email protected]