Նոր փուլ ենք արձանագրում կորոնավիրուսի դեմ պայքարի առումով, տեղափոխվում ենք ապակենտրոն պայքարի փուլ։ Այդ մասին ուղիղ եթերում կորոնավիրուսի և տնտեսական հարցերի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ դրա պատճառն այն է, որ մենք մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ կշարունակենք ունենալ կորոնավիրուսի դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, ուստի պետք է զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ, կեցության նոր պայմաններ ստեղծել, քանի որ փակված մնալ հնարավոր չէ։
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ սահմանափակումներն էականորեն հանվում են տնտեսական գործունեության ոլորտներից։
Նա հայտնեց, որ ամբողջությամբ հանվում են սահմանափակումները մշակող արդյունաբերության և մեծածախ առևտրի ոլորտում, բացի մոլերից և շուկաներից։
Պարետի խոսքով՝ սահմանափակումները շարունակվելու են 10-12 ոլորտում, մասնավորապես՝ կրթության, տրանսպորտի ոլորտում։
«Ինչ տվեց մեզ այս սահմանափակումների շրջանը։ Ես կարծում եմ, որ առողջապահական համակարգը կարողացանք զարգացնել, ադապտացնել և արդեն կարող ենք սպասարկել մի քանի 1000 դեպք։
Նոր շրջանը, որը մտնում ենք, կախված է քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից, քանի որ դա բոլորիս համար թեստ է լինելու, պետք է կարողանանք պահպանել անվտանգության կանոնները։
Մենք ունենք նաև պատժիչ գործողություններ, սակայն դա էլ ռիսկը չի նվազեցնում։ Մեր հիմնական խնդիրը արտադրամասերն են»,- ասաց Ավինյանը։
Վարչապետը հավելեց, որ պատժիչ գործողությունների իմաստը կանխարգելիչ միջոցառումներն են։