Հիմա փորձելու ենք նոր համակարգ կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը։ Այդ մասին ուղիղ եթերում կորոնավիրուսի և տնտեսական հարցերի քննարկմանն ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտնեց, որ տեղորոշման գործիքներ, ինչպես նաև այլ նոր գործիքներ են լինելու, որոնք ստիպելու են քաղաքացիներին պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը։
«Խոսքն առաջին հերթին այն մարդկանց մասին է, որոնք շփում են ունեցել վարակակրի և ասիմպտոմ հիվանդների հետ։
Մենք այդ մեխանիզմն առաջիկա օրերին կքննարկենք Առողջապահության նախարարության հետ, և դա թույլ կտա առանց մեկուսացնելու, հյուրանոցներում պահելու կոնտակտավորներին ինքնամեուսացնել»,- նշեց Ավինյանը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Տիգրան Ավինյանին և Արսեն Թորոսյանին արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով, սակայն, որ այս ռեժիմով դեռ երկար են շարունակելու աշխատել։
«Հուսով եմ, որ կորոնավիրուսի ապակենտրոն պայքարի քաղաքականությունը, երբ յուրաքանչյուրն իր մասով պատասխանատվություն է ստանձնելու, արդյունք կտա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։