ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ։ ուղերձում ասված է․
«Հարգելի' լրագրողներ,
Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության օրվա կապակցությամբ։
Ազատ մամուլը ժողովրդավարության կարևոր հիմնասյուներից է, հասարակության զարգացման և առաջընթացի գրավականներից մեկը։ Իզուր չէ, որ մամուլն ընդունված է համարել երկրի չորրորդ իշխանությունը։
Մեր բոլորի համատեղ խնդիրն է ապահովել ազնիվ, անաչառ և անկախ մամուլի գոյությունը Հայաստանում։ Մամուլ, որը կկատարի իր իրական առաքելությունը՝ ապահովել մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի իրացումը, նպաստել իշխանությունների թափանցիկությանը, հարկ եղած դեպքերում հակակշռել, քննադատել իշխանություններին։ Մամուլը, որը մաս կլինի ընդհանուր հանրային բարիքի ստեղծմանը և Հայաստանում տեղի ունեցող խորքային ժողովրդավարական փոփոխություններին։
Ավելորդ չէ թերևս ընդգծել, որ մամուլի ազատությունը, անկախությունը, անաչառությունը չեն սահմանափակվում միայն իշխանությունններից ազատությամբ և անկախությամբ։ Այն կամ կամ համակողմանի և ամբողջական է, կամ այդ պարզապես չկա։
Սիրելի' գործընկերներ,
Ըստ այդմ մաղթում եմ, որ ձեր աշխատանքում ձեզ առաջնորդեն մեր հայրենիքի և հասարակության առջև առաքելության և պատասխանատվության զգացումը, ձեր սեփական համոզմունքները և խիղճը»։