Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ լրագրողներ,
Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:
Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ և այլն։
Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կողմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։
Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։
Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության համար»։