Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում առաջարկեց բարձրացնել կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հմտությունների մակարդակը։ «Ենթադրենք՝ մեր երեքից մեկը վարակակիր է, վարակը կտարածվի՞»,- վարչապետը հարցրեց Առողջապահության նախարարին՝ լրացնելով հարցը՝ արդյոք իրենք ճիշտ հեռավորությամբ են նստած։
Ա․Թորոսյանն ասաց, որ պահպանված 1-2 մետր հեռավորությունը ճիշտ է, եթե իրար չդիպչեն, չդիպչեն նույն մակերևույթին, ապա իրար վարակելու շանս չկա։
«Եթե ես ախտահանեմ ձեռքերս և չդիպչեմ որևէ մակերևույթի, միայն տանեմ ձեռքս դեմքիս, ես ինձ վարակել չեմ կարող, ուստի ձեռքերի ախտահանումը, օճառով երկար լվացվելն ամենակարևորն է»,- պարզաբանեց նախարարը։
Վարչապետը հետաքրքրվեց նաև սպասքից վարակվելու հավանականության մասին, հատկապես որ երկուշաբթիից բացվելու են բացօթյա սրճարանները։
Նախարարն ասաց, որ լավ լվացվող կերամիկական սպասքը լրիվ անվնաս է։
Արսեն Թորոսյանը հորդորեց տնտեսվարողներին վերահսկողություն սահմանել բացօթյա սրճարաններում, բոլոր աշխատակիցները պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով։
Ինչ վերաբերում է տնտեսվարողների վերահսկողությանը, Տ․Ավինյանը նշեց, որ դրա հիմնական գործիքը տեսչական մարմիններն են, սակայն որպեսզի վերահսկողությունն ավելի արդյունավետ լինի, այդ գործընթացում պետք է անպայման ներգրավված լինեն քաղաքացիները։