ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Վայոց Ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանները արձանագրել են փաստը, որ Մարտիրոս գյուղի /9-17 դարերով թվագրվող/ «Գյուղատեղի Լվիս» հուշարձանի տարածքում գտնվող միջնադարյան գերեզմանոցներից մեկը գանձախույզները փորել են մոտ 1,5 մետր խորությամբ: Մյուս երկու գերեզմաները մասամբ են քանդել:
Հուշարձանի տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգ:
Վայոց ձորի մարզային ծառայությունը փաստի առիթով անմիջապես ահազանգել է իրավապահներին:
Հուշարձանի տարածքում այս պահին ոստիկանության աշխատակիցների և մարզային ծառայության հուշարձանների պահապանների մասնակցությամբ տեղազննություն է իրականացվում:
Նշվում է, որ հուշարձանը գտնվում է Մարտիրոս գյուղից մոտ 5 կմ հեռու՝ բարձրադիր վայրում: Վայոց ձորի մարզը ունի շուրջ 2000 հուշարձան: 2020 թ. ընթացքում սա մարզում արձանագրված առաջին դեպքն է: