Ֆլամինգոները հանգստանում են Մումբայի հանգիստ փողոցներում և թարմ օդում։ Այս թռչուններն այս շրջանում չվում են, բայց այս տարի նրանց քանակն ուղղակի ապշեցուցիչ է։ Այս մասին գրել է news.sky.com-ը։
Մինչ Մումբայի բնակիչներին հորդորում են տանը մնալ, ֆլամինգոները գրավում են քաղաքը։ Քաղաքի միլիոնավոր բնակիչներ գտնվում են տանը՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար, որի հետևանքով արդեն ամբողջ աշխարհում մահացել է ավելի քան 235000 մարդ։
Տասնյակ հազարավոր ֆլամինգոներ գալիս են ու լճերը, խոնավ տարածքները դարձնում վարդագույն։ Դրանք համարվում են չվող թռչուններ և իրենց զուգավորման շրջանից հետո գալիս են Հնդկաստանի հարավային և արևմտյան ափամերձ շրջաններ։ Հազվադեպ է պատահում, երբ նրանք այդքան շատ լինեն։
Ենթադրվում է, որ սովորաբար աղտոտված քաղաքի ներկայիս ջինջ երկինքը, հանգիստ փողոցները և մաքուր օդը թռչունների կյանքն ավելի գրավիչ են դարձրել։
Շատ երկրներում սահմանափակումները բերել են բնապահպանական փոփոխություններ, բազմաթիվ լուսանկարներում կարող ենք տեսնել, թե ինչպես են կենդանիները փողոցներում շրջում։