Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ղազախստանի՝ Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի համատեղ ուժերով այսօր կայացել է Հայաստան-Ղազախստան կայծակնային շախմատի առցանց մրցամարտը 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Մրցամարտն անցկացվեց lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ խաղաց 4 պարտիա՝ 3+1 ժամակարգով: Արդյունքում՝ 225։175 հաշվով մրցամարտի հաղթող դարձավ Հայաստանի թիմը:
Թիմերի կազմերը համալրել էին՝ անվանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռուստամ Խուսնուտդինովը, Դենիս Մախնյովը, Մուրտաս Կաժգալեևը, Ժանսայա Աբդումալիկը, Բիբիսարա Ասսաուբաևան և այլ հայտնի գրոսմայստերներ:
ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը, ՂՀ խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորներ Նուրժան Աշիմբետովը և Շայմարդան Նուրումովը, 8-ից մինչև 18 տարեկան տաղանդաշատ պատանիներ և աղջիկներ։
Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին՝ մրցամարտի կայացման համար»,- գրել է նա: