Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգը, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ:
«Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից մեկը տաղանդավոր, երիտասարդ, լավ կրթված մարդկանց ներգրավումն է։ Այս համատեքստում շատ կարևոր է դառնում կրթությունը։ Հնարավոր չէ մտածել ստեղծագործ, ինովացիոն միջավայրի մասին, առանց կրթության,- ասել է նախագահը: - Մենք փոքր երկիր ենք, հեռու մեծ շուկաներից, բայց 21-րդ դարը նոր հնարավորություններ է բացում: Եթե կարողանանք ճիշտ հարաբերություններ կառուցել, ապա մեր զարգացման համար կարող ենք օգտվել նաև միջազգային հիմնադրամներից։ Կարևոր է նաև, որ այն ստարտափները, անհատները, որոնք օգտվում են նման ֆինանսական միջոցներից, ի վերջո, մնան Հայաստանում և դառնան Հայաստանի լավ, գործարար քաղաքացիներ»։
Նախագահը պատահական չի համարել Միացյալ Նահանգներում ամենամեծ թվով ստարտափների առկայությունը՝ դա պայմանավորելով մի քանի հանգամանքով․ «Նախևառաջ՝ շրջապատում կան շատ լավ համալսարաններ, երկրորդ՝ աշխարհի ամենամեծ էլեկտրոնային ընկերություններն այնտեղ են գտնվում։ Սա է ձևավորում միջավայրը. շուկան, պահանջարկը, մասնագետները՝ բոլորը մեկ վայրում են։ Սա ամերիկյան մոդելն է: ԱՄՆ-ն այսօր ունի ամենաշատ վենչուրային հիմնադրամները և ամենաշատ ստարտափները։
Կան նաև այլ մոդելներ։ Եթե վերցնենք Մեծ Բրիտանիան, ամենահայտնի կենտրոններից մեկը Քեմբրիջի համալսարանի գիտական քաղաքն է, որը ստեղծվել է Քեմբրիջի համալսարանին կից, որտեղ աշխատում են հսկայական թվով բարձր որակի մասնագետներ։ Համալսարանի կողքին տեղակայված են Microsoft-ի, Apple-ի, այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնները։ Ստեղծվել է մի տարածք, որտեղ ստարտափները կարող են գնալ և հեշտությամբ օգտվել համալսարանից, կապ ունենալ մեծ բիզնեսի հետ և աճել»։
Ստարտափների զարգացման համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել կրթություն -արդյունաբերություն - շուկա կապը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: «Գաղափարը հետևյալն է. մեծ ընկերություններին բերել Հայաստան, որպեսզի համատեղ ստեղծվեն լաբորատորիաներ ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում,- ասել է նախագահը։ - Ճիշտ կլինի, որ դրանք գտնվեն մեկ վայրում, որպեսզի կապ ունենան միմյանց հետ։ ATOM-ը կազմված է լինելու երեք մասից։ Առաջին մասը կոչվելու է Ապագայի թանգարան, որտեղ կցուցադրվի, թե կյանքն ինչպիսին է լինելու 20 տարի հետո։ Երկրորդ մասը գիտական կենտրոնն է լինելու։ Երրորդը՝ աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում են՝ Microsoft-ը, Apple-ը, Siemens-ը, IBM-ը, Dassault-ն, Thales-ը, նախնական պայմանավորվածություններ արդեն կան ստեղծելու այնպիսի միջավայր, որը նույն է, ինչ ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում։ Մենք միջավայրի, ինչպես նաև շուկայի կարիք ունենք։ Մենք արդեն ծրագրում ենք ATOM-ի ճարտարապետական լուծումները և արդեն իսկ ունենք շատ հետաքրքիր առաջարկներ»:
Պատասխանելով այն հարցին, թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով ո՞ր ոլորտներում են բացեր ի հայտ եկել, և ի՞նչ լուծումներ կարող են առաջարկել ստարտափները, նախագահ Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ է տվել վերլուծել, թե ինչպիսին էր աշխարհը կորոնավիրուսից առաջ և ինչպիսին է լինելու հետո, ինչպես է փոխվելու աշխարհը, և մենք ինչպես ենք փոխվելու: Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ ստարտափները կարող են գործունեություն ծավալել, նախագահն ասել է, որ դրանք բազմաթիվ են:
«Առողջապահության ոլորտում թիրախը պետք է լինեն առանձին անհատի պաշտպանվածությունը և կանխատեսվող համաճարակների կանխարգելումը,- նշել է նախագահ Սարգսյանը: - Հետաքրքիր է լինելու նաև սննդի անվտանգության ոլորտը: Սա շատ էական ոլորտ է բոլոր պետություններում՝ սկսած ԱՄՆ-ից վերջացրած Հայաստանով: Մենք ունենք չորս հարևան երկիր։ Պետք է լինենք ինքնաբավ: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որով կարողանանք և՛ արտադրել, վաճառել ավելցուկը, արտահանել այն, և՛ ստանալ մթերք այլ երկրներից: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախն այս ոլորտում ունեն հսկայական պոտենցիալ՝ նոր տեսակի ուտելիքներ, որոնք կարող են արտադրել նոր տեխնոլոգիաներով և օգտագործելով նոր գաղափարներ:
Ստարտափը միայն էլեկտրոնայինը չէ: Ստարտափը և՛ գյուղատնտեսականն է, և՛ սպասարկման ոլորտը, և՛ ֆինանսական գործիքները,- նշել է նախագահը: - Համաշխարհային շուկայում փոփոխություններ են տեղի ունենում: Դա նշանակում է, որ բանկային համակարգը փոփոխման ճանապարհին է: Մենք գնում ենք դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ և էլեկտրոնային սպասարկում: Հետևաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որոնք դուք պետք է ստեղծեք, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ: Ցանկացած ոլորտում անելիք է լինելու: Մենք ավելի ենք գնահատելու մեր առողջությունը, դրա հետ կապված բնապահպանական խնդիրները, ժամանցի կազմակերպումը: Բոլոր ոլորտներում ձեզ համար լինելու են հնարավորություններ»: