ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ ծեծկռտուքի հետևանքով գլխի շրջանում ստացած հարվածներից Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել:
«Ալեն Սիմոնյանը հիվանդանոցից դուրս է գրվել, արտահիվանդանոցային պայմաններում հսկողության տակ է՝ 3 օր հիվանդանոցում գտնվելուց հետո»,- տեղեկացրեց փաստաբանը:
Սիրունյանը նաև նշեց, որ քրեական գործի նյութերը ոստիկանության Կենտրոնականի բաժնից փոխանցվել են ՀՔԾ: Փաստաբանի խոսքով՝ Արթուր Դանիելյանի կոտրվածքների վերաբերյալ տեղեկացել է նրանց տարածած հայտարարություններից, և իրեն ևս հետաքրքիր է, թե ինչ վնասվածքներ ունի, մեկ հարվածի արդյունք է, թե ոչ։ Ասաց՝ այդ մանրամասները իրեն ևս որպես մասնագետի անհրաժեշտ են։
Ավելի վաղ 1lurer.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով բերման է ենթարկվել 3 անձ:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում պարզաբանել էր իր և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Սիմոնյանը նշել էր․
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես և իմ ընկերը քայլում էինք, երբ տեսանք երեք երիտասարդի, որոնցից մեկը Արթուր Դանիելյանն էր: Ես և Արթուր Դանիելյանը եկանք միմյանց ընդառաջ, ինքը շատ երկար և անհասկանալի նայեց ինձ վրա: Բարևեցի, որին ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք հնչեց իմ հասցեին, դրան հետևեց այն, որ ինքս մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի Արթուրի քթին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող ասել, թե ճիշտ էր այլ կերպ վարվելը: Գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ փողոցում քայլող և իրեն բարևող մարդուն հայհոյել: Նրանք երեքով էին, ես՝ մենակ: Փորձեցին ինձ քաշքշելով և հարվածելով կանգնեցնել: Ուզում էի հասկանալ՝ ով է ինձ փորձում հարվածել, փոքրիկ ծեծկռտուք տեղի ունեցավ այդ վայրում: Երբ խառնվեցին փողոցի մարդիկ, այդ երիտասարդները հեռացան:Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքի համար, եթե սխալ եմ վարվել, թեև այն քայլերը, որոնք ես արել եմ, գնահատում եմ որպես ինքնապաշտպանություն»: