ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Ucom ընկերության տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում: Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը «Լուրերին» տեղեկացրել է, որ առգրավել են համակարգիչն ու որոշ փաստաթղթեր:
Նա մանրամասնել է, որ խուզարկություն է տեղի ունեցել Արա Խաչատրյանի բնակարանում, ավտոմեքենայում։ «Մի շարք խնդիրներ ենք մատնանշել խուզարկության փուլում՝ սկսած նրանից, որ ավտոմեքենայի համարն այլ է եղել, քան այն մեքենան, որը խուզարկվել է։ Խուզարկության որոշման ձևակերպումներում տրված են էլեկտրոնային թղթապանակներ, այնինչ համակարգիչն են առգրավել։ Ցավոք, այս ամենը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ տեղի ունեցած այս քննարկումների ֆոնին»,- նշել է Օրբելյանը։
Առկա տեղեկությունը, նրա խոսքով, իրեն հիմք է տալիս ենթադրելու, որ սա ինչ-որ գործընթաց է՝ կապված Ucom-ի առկա բաժնետերերի շուրջ վեճի հետ: «Ենթադրվում է, որ այս ամենը կապված է Գագիկ Խաչատրյանի քրեական գործի հետ, բայց հավելյալ դետալներ՝ ինչ ուղղությամբ էր, ինչ էին փնտրում, այս պահին չեմ կարողանա ներկայացնել»,- ասել է փաստաբանը։