Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը շնորհավորել է Աշխատավորների օրվա կապակցությամբ և նշել, որ Մայիսի 1-ը կարևոր նշանակություն ունի այգու համար։
«Ամեն տարի կենդանաբանական այգին ազդարարում է տարեշրջանի պաշտոնական բացման մասին։ Ու չնայած նրան, որ այգին փակ է, այս օրը մնում է մեզ համար յուրահատուկ։
Մեր այգու առաքելությունն է՝ սովորեցնել սիրել բնությունը, կենդանիներին, հոգ տանել նրանց համար։ Կենդանաբանական այգին խորհրդավոր վայր է իր բոլոր հմայքներով, վայրի բնության հանելուկներով ու խորհուրդներով։ Այս տարի մի փոքր տխուր ենք՝ մեզ հետ չեն մեր փոքրերն ու մեծերը, մեր այգին սիրողները, սակայն առաջնայինը նրանց, մեր աշխատակիցների ու մեր այգու բնակիչների առողջությունն է։
Սիրում ու կարոտում ենք մեր այցելուներին, մանավանդ ամենափոքրերին, և հուսով ենք՝ շուտով ամեն ինչ լավ կլինի, նորից կվերագտնենք մեր ուրախ ու ակտիվ կենսակերպը։
Առողջություն, համերաշխություն և շատ ու շատ երջանիկ օրեր բոլորիս»,- նշել է Սիմոնյանը։
Տարեմուտի օրն այս տարի տոնական է եղել կենդանիների համար։ Այգու գրեթե բոլոր կենդանիների համար կազմակերպվել են տարբեր խաղեր և զբաղվածություններ։