Սահմանափակումների թուլացման և հանման դեպքում կորոնավիրուսի տարածման ինչպիսի տեմպեր կունենանք հարցին ի պատասխան ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ նման հարցով հստակ հաշվարկներ դեռևս չկան, սակայն սահմանափակումների թեթևացում սկսել են նաև շատ այլ եվրոպական երկրներ։
«Բոլորովին նոր տեսակի վիրուս հանդիսանալով՝ կորոնավիրուսի հետ կապված շատ հարցեր բացահայտված չեն, և ամբողջ աշխարհի գիտական հանրույթն աշխատում է այդ ուղղությամբ՝ բացահայտելու հիվանդության տարածման, կանխարգելման և բուժման ուղղությամբ բոլոր մանրամասները։ Մենք անընդհատ մշտադիտարկման ենք ենթարկելու և ներկայացնելու ենք բոլոր փոփոխությունները և վերլուծությունները՝ քննարկելու նաև հետագա փոփոխությունները սահմանափակումների ուղղությամբ, ինչը մինչ օրս արվել է»,- նշեց Նանուշյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էլ հավելեց, որ սա կարելի է թեստի ձևով ընդունել, քանի որ մենք գնում ենք դեպի սահմանափակումների թուլացմանը, և, միևնույն ժամանակ թե՛ տնտեսվարողները, թե՛ քաղաքացիները պետք է ցուցաբերեն բարձր պատասխանատվություն։
«Դրանով է պայմանավորված լինելու, թե ինչ տեսակի զարգացում կարող ենք ունենալ։ Կունենանք թվային տեսքով աճ, այսինքն՝ տարածումը մե՞ծ կլինի, թե՞ կփորձենք պահպանել մակարդակը կամ իջեցնել՝ դրանից է կախված լինելու՝ մենք կպահպանե՞նք մեղմ սահմանափակումների ռեժիմը, թե՞ կվերադառնանք ավելի խիստ սահամանփակումների»,- նշեց Սիմոնյանը։