Հունաստանի արհմիություններն անտեսել են կառավարության կոչերը մայիսմեկյան ավանդական հավաքը հետաձգելու վերաբերյալ: Այն տեղի է ունեցել Աթենքում՝ չնայած կորոնավիրուսային համաճարակին և խիստ սահմանափակումներին:
Սինթագմայի կենտրոնական հրապարակում հավաքի մասնակիցները հետևել են բոլոր նախազգուշական միջոցներին, կրել են դիմակներ, պահպանել են մեկուկես և երկու մետր հեռավորությունը:
Հանրահավաքի ընթացքում հնչեցվել են հակակառավարական կարգախոսներ, ցուցարարներն իշխանությունից պահանջել են համաճարակը չօգտագործել աշխատողների իրավունքները ոտնահարելու համար:
Հանրահավաքի ավարտին փոքր նվագախումբը կատարել է Ինտերնացիոնալը, որից հետո մասնակիցները կազմակերպված հեռացել են: Ամեն ինչ անցել է հանգիստ, առանց որևէ միջադեպի: