Տնտեսական սահմանափակումների փոփոխությունների նոր փաթեթը ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ տեղաշարժման թերթիկների անհրաժեշտություն չի լինելու։
Սիմոնյանը, ներկայացնելով սահմանափակումների վերաբերյալ փոփոխությունները, նշեց, որ գործունեությունը թույլատրված ոլորտներում կգործեն հստակ ուղեցույցներ։ Դրանք հասանելի կլինեն Կառավարության կայքում և covid19.gov.am-ում։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվելու կանոնների պահպանումը, և չվերահսկելու դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, Սիմոնյանն ասաց, որ կանոնների պահպանումը կվերահսկվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Վերահսկողություն կիրականացնեն նաև այլ շահագրգիռ գերատեսչություններ, որոնք որոշակի վերհսկողական գործառույթ ու պարտավորություն ունեն։
«Կանոնների պահպանմանը շատ ավելի խիստ ենք հետևելու։ Մենք գնում ենք ռեժիմի թուլացման, բայց թուլացումը չի ենթադրում, որ փորձում ենք նպաստել համավարակի տարածմանը։ Ոչ, մենք ստիպված ենք եղել գնալ այն քայլին, որ սահմանափակել ենք տնտեսական գործունեությունը, որը միայն ուղղված էր համավարակի տարածումը կանխելուն, ռիսկի աստիճանի նվազեցմանը»,- ասաց Սիմոնյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ըստ կանոնների ու ուղեցույցների՝ նախատեսվում է, որ, օրինակ, փակ տարածքներում արդյունաբերական գործունեություն ծավալելու նպատակով յուրաքանչյուր տնտեսվարող կնշանակի պատասխանատու։ Նա լինելու է կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված բոլոր խնդիրների պատասխանատուն կոնկրետ այդ գործարանում կամ ընկերությունում։ Նա է պատասխանատվություն կրելու և ապահովելու բոլոր կանոնների կիրառումը, որ նախատեսված են այդ գործունեությունը իրականացնելու համար։