Մայիսի 4-ից ուժի մեջ կմտնի փոփոխությունների նոր փաթեթ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով տնտեսական սահմանափակումների փոփոխությունները։
Սիմոնյանը նշեց, որ մայիսի 4-ից կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները։ «Բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել, բայց միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը։ Տրանսպորտի արգելքը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործում են և կան համավարակի հետ կապված որոշակի ռիսկեր»,- ընդգծեց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ սահմանփակումները մնալու են մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում։ «Մոլերը, հանրախանութները փակ են լինելու, կգործեն միայն այդ տարածքում գործող սննդի խանութները և դեղատները, գյուղատնտեսական շուկաները»,- ասաց Սիմոնյանը։
Մայիսի 4-ից կվերաբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։
Հանրային սննդի կազմակերպման ոլորտում կգործեն այն ռեստորանները, սրճարանները և բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք։ Փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։
Բուսաբանական և կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն։ Արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի։
Սպորտային օբյեկտները կգործեն բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև կթույլատրվի սպորտային ակումբների գործունեությունը։
Անհատական ծառայություններ, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները, նույնպես կգործեն մայիսի 4-ից։
Բոլոր գործուենությունը թույլատրված ոլորտների համար, փոխնախարարի տեղեկացմամբ, կլինեն հատուկ կանոններ, ուղեցույցներ։