Աշխարհում տնտեսական ճգնաժամը խորանում է, իսկ վարակը դեռևս չի նահանջում։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով պարենային և էներգետիկ խնդիրներին։
Ա․Հարությունյանը նշեց, որ պարենային անվտանգության առումով աշխարհում իրավիճակն այդքան էլ հուսադրող չէ, բայց Արցախն ապահովագրված է այդ խնդիրներից, քանի որ վերջին տարիներին Արցախի կառավարության կողմից մեծածավալ աշխատանք է իրականացվել, և այսօր Արցախը պատրաստ է և կարող է այդ հարցում օգնել նաև Հայաստանին։ «Հայաստանն ունի այդ խնդիրը, և մեր առաջիկա աշխատանքներն ուղղված են լինելու ՀՀ և ԱՀ պարենային անվտանգության խնդիրների լուծմանը, չօգտագործվող հողատարածքները պետք է ամբողջությամբ օգտագործվեն, և մենք ՀՀ իշխանությունների հետ պատրաստվում ենք լուծել այդ խնդիրը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, Ա․Հարությունյանն ասաց, որ կարևոր է էներգետիկ անկախության խնդիրը։ «Նրանք, ովքեր դեմ են էներգետիկ անկախության մեր ծրագրին, մեր երկրի թշնամիներն են։ Էներգետիկ անվտանգությունն այլընտրանք չունի, չփորձեք»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականացվելու է արևային էներգետիկայի ծրագիրը, հասնելու են հոսանքի գնի նվազեցման։