ԱՄՆ նախագահը համոզված է, որ կորոնավիրուսը կապ ունի չինական Ուհանի լաբորատորիայի հետ: Նա հայտարարել է, թե այդ փաստը հաստատող ապացույցներ ունի, և քննադատել է Չինաստանի իշխանություններին իրենց երկրում վիրուսի տարածումը չդադարեցնելու համար:
«Նրանք կա՛մ չկարողացան դա անել, կա՛մ որոշեցին ոչինչ չանել, և աշխարհը շատ տուժեց»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա կտրուկ է արտահայտվել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասին՝ այն անվանելով «Չինաստանի PR գործակալություն»:
Փաստորեն, ԱՄՆ նախագահը չի հաստատել Ազգային անվտանգության հետախուզական վարչության պետ Ռիչարդ Գրենելի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ հետախուզությունը չի կարծում, որ կորոնավիրուսը «մարդն է ստեղծել կամ գենետիկորեն ձևափոխված է»:
Միաժամանակ, ԱՄՆ հետախուզական գործակալությունները շարունակում են ստուգումները՝ պարզելու՝ COVID-19-ը տարածվել է վարակված կենդանո՞ւ հետ շփման արդյունքում, թե՞ Ուհանի լաբորատորիաներից մեկում տեղի ունեցած արտահոսքի հետևանքով: