Շրջակա միջավայրի նախարարությունը վերազինվում է նորագույն սարքավորումներով։ Նախարարությանը` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ, փոխանցվել է ժամանակակից գերհզոր թվային տվյալների պահպանման համակարգ (server), որը ձևավորելու է նախարարության ենթակայության ներքո գործող՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղադրված տեսախցիկների միասնական հարթակը։
Համակարգը թույլ կտա առցանց հետևել ԲՀՊՏ-ներում իրականացվող աշխատանքներին, հեռավար ուսումնասիրել բնության հատուկ պահպանվող տարածքներում բնակվող հազվագյուտ կենդանատեսակների շարժը և սահմանել պատշաճ վերահսկողություն։
Միասնական առցանց հարթակն այժմ ներառում է ԲՀՊՏ-ներում տեղադրված ավելի քան 35 տեսախցիկներից իրական ժամանակում ստացվող տեսանյութերն ու տվյալները։ Նախատեսվում է դրանց թիվը հասցնել 80-ի։
Բնության հատուկ պահպանվող տարածքներին հետևելու հնարավորությունը մոտ ապագայում հասանելի կլինի նաև հասարակության համար։