ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․
«Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը։
Առանց աշխատանքի չէր լինի մարդու էվոլյուցիան, չէր լինի նաև քաղաքակրթության զարգացումը։
Կարևոր է բոլորի աշխատանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Բայց կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը։ Այդպիսին է բուժաշխատողների աշխատանքը։
Այն կարևոր է միշտ, սակայն միշտ չէ, որ պատշաճ գնահատվում է։
Այս ճգնաժամային իրավիճակում ակնառու երևում է նրանց ակնհայտ նվիրումը` ուղղված մարդկային կյանքեր փրկելուն։
Հայաստանի և աշխարհի բոլոր բուժաշխատողներին տոկունություն և համբերություն եմ մաղթում, որպեսզի դիմակայենք կորոնավիրուսով պայմանավորված այս համամարդկային մարտահրավերը։
Ես հոգով և մտքով ամեն պահի ձեզնից յուրաքանչյուրի հետ եմ, ձեզ հետ ուրախանում եմ հաջողություններով և տխրում դժբախտություններից։ Ձեզ հետ կիսում եմ սերը առ հայրենիք և կարոտն առ ընտանիք։ Ձեզ հետ և ձեր շնորհիվ եմ հավատում մեր վաղվա ավելի լավ օրվան ու ժողովրդի բարեկեցությանը»։