Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով Աշխատավորների տոնը։
«ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատավայրում աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, իր ամենօրյա ջանքերն ուղղում է այս գործառույթի պատշաճ իրականացմանը։
Կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱԱՏՄ-ն իր ողջ ռեսուրսով և ջանքերի գերլարումով մշտադիտարկում է աշխատանքային անվտանգությունը՝ կարևորելով ամեն աշխատողի առողջության պահպանումը։
Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի պետություններում այսօր նշվում է Աշխատանքի միջազգային օրը: Աշխատողների համատարած ցույցերով մեկնարկած այս շարժման մասնակիցների պահանջն աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելն էր: Այսօր աշխատանքային խնդիրներն ավելի բազմաշերտ են ու կարգավորման առավել լուրջ մոտեցում են ենթադրում։
Աշխատողների իրավունքների պաշտպանությունն արդեն օրենսդրական նոր կարգավորումներով է վերապահվել տեսչական մարմնին՝ կարևորելով այդ դաշտում առկա խնդիրների լուծումը։
ԱԱՏՄ-ն շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ` մաղթելով արժանապատիվ և գնահատված աշխատանք։
Եղեք առողջ և անվտանգ»,- ասված է հայտարարության մեջ։