Այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է Իրանի նկատմամբ հաստատված զենքի էմբարգոի ժամկետը: Միացյալ Նահանգները մտադիր է հասնել այդ ժամկետի երկարացմանը և կանխել Ռուսաստանից ու Չինաստանից ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելու Թեհրանի փորձերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը այդ ուղղությամբ աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր գործընկերների, հատկապես Ռուսաստանի ու Չինաստանի հետ:
Ավելի վաղ The New York Post-ը հաղորդել էր, որ պետքարտուղար Պոմպեոն փորձում է ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգելու կամ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Պետքարտուղարը բացատրել է, որ չի հավատում իրանական տիեզերական ծրագրի խաղաղ բնույթին, և կարծում է, որ Մոսկվան ու Պեկինը ամերիկյան առաջարկին հակառակվելու հիմքեր չունեն:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը РИА Новости-ին հայտնել էր, որ Իրանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու հարցով հատուկ ռեժիմը լրանում է հնգամյա ժամկետից հետո, և այդ որոշումից չպետք է շեղվել: