Վերադարձ անցյալին թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարության մասին պատգամավորի հարցին ի պատասխան՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հիշեցրել է՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն անփոփոխ է:
«Վերադարձ անցյալին թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու: Եվ մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին մեր ազատագրած հայրենիքը գրկելու և շարժվելու առաջ: Եվ ես այս աշխարհում չգիտեմ մի իրադարձություն, որ կարող է ստիպել մեզ փոխել մեր դիրքորոշումը»,- նշել է Բ.Սահակյանը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին լրագրողի հարցին ի պատասխան՝ նշել էր, թե նախագիծ կա, որը մեկ տարի առաջ՝ ապրիլին, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ՝ համանախագահների մասնակցությամբ է տարածվել և այժմ ակտիվ քննարկվում է: Այդ փաստաթղթերը, ըստ Լավրովի, ենթադրում են կարգավորման փուլային տարբերակ: Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ այսօր սեղանին նման փաստաթուղթ չկա:
Արցախում հարգում են միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Փուլային տարբերակին Բակո Սահակյանը հակադարձում է պաշտոնական Երևանի արձագանքով:
«Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները պաշտոնապես հայտարարել են, որ չկա կոնկրետ փաստաթուղթ, որի շուրջ են այդ քննարկումները, և մենք շարունակելու ենք մեր դիվանագիտական կարողությունները գործադրելով՝ մեր ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ այն աշխատանքը, որ կատարել, կատարում, և, համոզված եմ, հաջորդ իշխանություններն այդ աշխատանքներին ավելի արդյունավետություն են հաղորդելու»,- նշել է Արցախի նախագահը:
Արցախի անվտանգությունն ու անկախությունը սակարկելի չեն՝ հայտարարել է Արցախի նախագահը: