Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով առաջացած կոմունալ ճգնաժամին՝ նշեց, որ պետությունը կոլապսի առաջ էր կանգնել, սակայն Կառավարության ընդունած միջոցառումների շնորհիվ հնարավոր եղավ շտկել իրավիճակը:
«Այս միջոցառումներով, ըստ էության, փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը և մեր քաղաքացիներին ասում ենք, որ այս միջոցառումներով մենք մի քանի միլիարդ դրամ՝ մոտ 4-5 միլիարդ, ծախսում ենք ձեր կոմունալների ծախսերի համար, և այս փուլում Կառավարությունը ինչ պետք է աներ կոմունալների աջակցության հարցով՝ արդեն արել է: Մանավանդ որ, արդեն տաք ամիսներ են, և գազի ու լույսի վարձերն էականորեն նվազում են: Պիտի խնդրենք վերադառնալ այն հին ռեժիմին, որ բոլորն այս պահից սկսած իրենց վարձերը պետք է վճարեն»,- նշեց վարչապետն ու անջատումների մասով փոքրիկ վիճակագրություն ներկայացրեց, որ 2019-ի ապրիլին մոտ 5000 անջատում է եղել: Այսինքն՝ ճգնաժամի ընթացքում անջատումներ ավելի քիչ են եղել:
Վարչապետը դիմեց այն քաղաքացիներին, ովքեր կոմունալների աջակցության կարիք չունեն. քանի որ պետությունը փոխհատուցում է կոմունալ վճարները՝ ըստ ծախսած գումարի և ոչ սոցիալական վիճակի, դրանք, միևնույն է՝ նստելու են կարիք չունեցող քաղաքացիների հաշիվներին, խնդրեց նույն կոմունալ վճարի չափով գումար փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: