Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում նշեց, որ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի տարածման շրջանակը կոնկրետ է, և տարածման դինամիկայից կախված՝ որոշումները կարող են փոփոխվել։
«Կարծում եմ՝ դեռևս նման փոփոխությունների կարիք չկա, բայց մոտակա օրերի թվերը, նաև այն անձանց շրջանակը, որոնց թեստերը դրական կլինեն, թույլ կտան վերջնական որոշումներ կայացնելու։ Այս պահի դրությամբ մենք գնում ենք այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից էական փոփոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, և էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ»,- ընդգծեց փոխվարչապետը։
Նա նշեց, որ ամբողջ կրթության համակարգը շարունակելու է փակ մնալ, և այս ուստարին ամփոփվելու է միայն հեռակա ուսուցմամբ։ Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճությունների ոլորտներում։ Վերագործարկվելու են որոշ տեսակի խանութներ։
Վարչապետն էլ հավելեց, որ երեկ, հաշվի առնելով զբոսանքի թույլտվությունը, ընտանիքի հետ դուրս է եկել զբոսնելու և տեսել, որ փողոցները մարդաշատ են:
«Դժվար է լինելու, քանի որ մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում։ Եթե մենք այնուամենայնիվ չկարողանանք այնպես անել, որ մեր քաղաքացիները պահեն այդ վարքագծային կանոնները, իրականում լուրջ խնդիրներ ենք ունենալու: Մարդիկ նույնիսկ խմբերով կանգնած զրուցում էին իրար հետ, և եթե այդտեղ մեկ վարակված լիներ, ակնհայտ է, որ այդ 15 հոգին միանգամից կվարակվեին»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ մինչև մյուս տարի մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր և, հետևաբար, չենք կարող մեկ տարի ուղղակի փակված ռեժիմով ապրել։
«Խոսքը ոչ միայն մեր, այլև աշխարհի ցանկացած երկրի մասին է։ Կորոնավիրուսին զուգահեռ տեղի են ունենում մեղմացումներ, և կարևոր է, որ վարքագծային առումով ևս ադապտացիա լինի։ Առաջին դեպքից սկսած հասարակությունը Կառավարությունից ստացել է 100 տոկոսանոց ինֆորմացիա»,- ասաց Կառավարության ղեկավարը։