ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի մեկնարկին նշեց, որ Կառավարության ընդունած կորոնավիրուսի դեմ պայքարի 15 հակաճգնաժամային միջոցառումներից 9-ը սոցիալական բնույթի են:
Նախարարը նշեց, որ չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ և տասներեքերորդ ծրագրերով այս պահին 286 հազար շահառուի փոխանցվել է ավելի քան 12 միլիարդ դրամ:
«Այսօր Կառավարությունը որոշման փոփոխությամբ վերանայեց նաև 8-րդ ծրագրի շահառուների ցանկը: Ծրագրում տուժած ոլորտներին է ավելանում հագուստի արտադրությունը, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների, կահույքի, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստման, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն՝ սա վերաբերում է նաև ավիատոմսերի վաճառքում ներգրավված մարդկանց, կինոթատրոններում գործունեություն, լուսանկարչական գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի և հանդիսադիր արվեստի ոլորտի գործունեություն, լվացում, մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիական գործունեություն, տպագրության ծառայություններ և 40-99 տեսակարար կշռով տուժած կազմակերպություններ»,- նշեց Բաթոյանը՝ հավելելով, որ այս ցանկով շուրջ 36 հազար նոր շահառու է ավելանում, որոնց ուղղված դրամական բյուջեն կազմում է ավելի քան 2 միլիարդ դրամ:
Ցանկի շահառուները կարող են դիմումը ներկայացնել կայքում՝ սկսած մայիսի 4-ից: