Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատել է, որ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Խաչատրյանների փաստաբանական խումբն ավելի վաղ հայտարարել էր, որ Գուրգեն Խաչատրյանին արդեն իսկ առաջադրված եղել է մեղադրանք, և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին:
«Այժմ մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն, այնինչ և՛ գործի նյութերից, և՛ պարզաբանումներից հստակ երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին: Հավելյալ տեղեկատվություն չենք ներկայացնի՝ նախաքննական գաղտնիքը պահպանելու պահանջով պայմանավորված: Նշված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է»,- նշված էր պաշտպանական թիմի հայտարարությունում:
Դատախազի խորհրդականն այս առնչությամբ ասաց. «Անկեղծ ասած՝ չեմ ուզում մեկնաբանել պաշտպանական թիմի արած հայտարարությունը՝ դա համարելով պաշտպանական տակտիկայի բաղադրիչ: Սակայն եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել քննիչի գործողություններում կամ համարում են, որ հանցավոր ոտնձգություն է կատարվել, և իրենց փորձել են ստիպել ինչ-որ գործողություններ կատարել, ապա մնալով քրեական դատավարության շրջանակներում, հանրային կարծիքի վրա ներազդելուց զերծ մնալով, կարող էին և կարող են օգտվել դատավարական որոշումները բողոքարկելու իրենց հնարավորությունից: Այդ դեպքում դատախազությունը, ծանոթանալով ներկայացվող հիմնավորումներին, համապատասխան դիրքորոշում կարտահայտի»,- ասաց Գոռ Աբրահամյանը:
Ըստ դատախազի խորհրդականի՝ Խաչատրյանի պաշտպանները պարզապես կարող էին և կարող են հանցագործության մասին հաղորդում տալ, ինչը չի արվել: Դատախազի խորհրդականը նաև մանրամասնեց հետևյալը.
«Ընդհանրապես, միայն այն հանգամանքը, որ իրենց համար գուցե կանխատեսելի զարգացումները հաշվի առնելով նախապես արվում են քննչական մարմնի գործողությունների իրավաչափությունը հարցականի տակ դնող հայտարարություններ, դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմնի գործողությունները հենց այդպիսին են կամ կարող են այդպիսին լինել: Արգելանքի միջոցի կիրառումը պայմանավորված է քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքներով, վարույթի շրջանակներում՝ մեղադրյալի հնարավոր կանխատեսելի վարքագծի հաշվառմամբ: Հակառակ դեպքում՝ նախապես հայտարարություններ հնչեցնելով միշտ կարելի է քրեական հետապնդման մարմինների գործողությունների իրավաչափության վերաբերյալ մանիպուլյատիվ էֆեկտով հանրային ցանկացած կարծիք ձևավորել: Ի դեպ, առաջիկայում կհրապարակվեն նաև քննությամբ ձեռք բերված այն հանգամանքները և այն հիմնավորումները, որոնց շրջանակներում ներկայացվել է մեղադրանքը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ապրիլի 28-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի մի շարք տնտեսավարող սուբյեկտների, այդ թվում՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք: