Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը տան պայմաններում չիրականացնելու համար։
Նա տեղեկացրել է, որ կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ իր և դստեր թեստի պատասխանը եղել է բացասական, ինչի պատճառով առաջարկվել է նրանց ինքնամեկուսանալ տանը։ Քաղաքացին մտահոգություն է հայտնել, որ նրա ծնողները ռիսկային խմբում են գտնվում, իսկ իրենց տանը ինքնամեկուսանալը կարող է վտանգել նրանց առողջությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի և առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում դիմումատուի և նրա դստեր 14-օրյա ինքնամեկուսացումը կազմակերպվել է հյուրանոցում։