Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ կորոնավիրուսով վարակման ռեկորդային մեծ թիվ է եղել նախորդ օրը։ Խոսքը 134 դեպքի մասին է։
«Ընդհանուր դեպքերի թիվը 2066 է ստացվում, բուժվածները՝ հավելյալ 29 բուժված քաղաքացի է եղել, ընդհանուր՝ 929-ն են։ Այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց թիվը 1103 է։ Նաև, դժբախտաբար, մահվան 2 դեպք է գրանցվել»,- ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ ընդհանուր մահերի թիվը կորոնավիրուսի հետևանքով 32-ն է։ Արհեստական շնչառության սարքերով այս պահին կա 6 քաղաքացի։ Ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59 քաղաքացի։
«Իրականության այս սցենարի զարգացման դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին, շատ թեթև քաղաքացիներին արդեն չհոսպիտալացնելու ռազմավարությանը։ Փորձելու ենք հնարավորինս ձգել այդ օրը, երբ այդ որոշումը կկայացնենք։ Դա ապագայում բերելու է հետագա տարածման: Ենթադրում եմ, որ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել, թեև այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք։ Մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել։ Դա հուղարկավորության ժամանակ վարակված անձի մասնակցությունն է եղել, և այլ անձինք էլ են վարակվել։ Պետք է կոչ անենք նման արարողություններին փոքրաթիվ անձանցով մասնակցեն»,- ասաց նախարարը։