Միացյալ Նահանգների պետքարտուղարության ամսագրի շապիկն այս անգամ զարդարել են Հայաստանն ու երկրի խորհրդանշանը՝ Արարատ լեռը: Ամերիկյան statemag.state.gov հանդեսն անդրադարձել է Հայաստանին՝ հրապարակելով ծավալուն հոդված մեր երկրի մասին:
Հոդվածի հեղինակ Լիա Միլլերը Հայաստանը նկարագրել է որպես հինավուրց երկիր՝ իր դարավոր հարուստ պատմությամբ:
«Այս երկիրը կարող է հպարտանալ իր՝ աշխարհում ամենահին խաղողի այգիներով, վառ ու համեղ խոհանոցով, լեգենդար հյուրասիրությամբ, տեսարժան ու գեղեցիկ բնապատկերներով ու միջազգայնորեն ճանաչված կենսաբազմազանությամբ»:
Ամերիկյան պարբերականը գրում է, որ Forbes-ն ու Condé Nast Traveler հեղինակավոր հանդեսները բազմիցս անդրադարձել են Հայաստանին ու երկիրն ընդգրկել աշխարհում ճանապարհորդության լավագույն վայրերի ցանկում: Իսկ National Geographic’s-ը Հայաստանը վերջերս ընդգրկել է «Զիլ երկրների» շարքում:
ԱՄՆ պետքարտուղարության ամսագիրն անդրադարձել է Հայաստանի դարավոր պատմությանը, որը գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, երկրի մշակույթն ավելի դինամիկ, բացառիկ ու գունեղ է դարձրել:
Առանձնահատուկ անդրադարձ է եղել Արարատ լեռանը կամ Մասիսին, ինչպես գրում է հանդեսը՝ այն անվանելով երկրի ազգային խորհրդանշան: Եվ թեպետ լեռն այժմ գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, Արարատը հավերժ մնում է հայերի սրտերում՝ որպես մշակութային ու պատմական հպարտության աղբյուր:
Հանդեսն անդրադարձել է նաև Հայաստանում արհեստագործական հմտություններին, հայերի հանրահայտ հյուրասիրությանը, հայկական համեղ խոհանոցին, ինչպես նաև հայերի համար համազգային խաղ դարձած շախմատին: