Կոմունալների հետ կապված խնդիրներից ամենակարևորն ի սկզբանե եղել է տեղորոշել այն մարդկանց, որոնք ունեն կոմունալ աջակցության կարիք: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թվում է՝ ամեն ինչ պարզ է, սակայն հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետական աջակցության ծրագրերում ներառել այն մարդկանց, ովքեր իրականում ունեն այդ օգնության կարիքը: Առաջին միտքն այն էր, որ քիչ հոսանք ծախսողները, ենթադրաբար, անապահով վիճակում գտնվող մարդիկ են, և մենք 11-րդ միջոցառմամբ հենց այդպես էլ առաջնորդվեցինք: Պարզվեց, որ ծրագրում ընդգրկվեցին մարդիկ, ովքեր, օրինակ, Դիլիջանում առանձնատուն ունեն»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ օգնություն ստացան սոցիալապես անապահով բազմաթիվ մարդիկ, սակայն երկրորդ խումբն էլ օգտվեց այս ծրագրից: Վարչապետը նշեց, որ այս ծրագրով պետությունը ծախսել է ավելի քան 700 մլն դրամ:
«Մյուս՝ պետական աջակցության 12-րդ միջոցառման տեղորոշումից կրկին սրտներս կախ էր, քանի որ իրական կարիք ունեցողների հետ կրկին օգտվեցին այն մարդիկ, ովքեր, օրինակ, ունեին երեք տուն: Այսօր նոր որոշում ընդունեցինք, որ հոսանքը 10.000-25.000 դրամ, իսկ գազը 30.000-40.000 դրամ օգտագործողներին կփոխհատուցենք 30 տոկոսով: Կրկին բախվեցինք նույն խնդրի հետ: Կան մարդիկ, որոնք հոսանքի համար 25 000 են ծախսել, սակայն օգնության կարիք ամենևին չունեն:
Կան մարդիկ, ովքեր ծախել են իրենց մատանին և վճարել պարտքը, մյուսն էլ չի վճարել: Մենք օգնում ենք այն մարդուն, ով չի վճարել, բայց չենք օգնում նրան, ով վերջին գումարով է վճարել: Սա անարդար է: Մարդիկ էլ կան, թյուրիմացաբար են հայտնվել ցուցակում: Ինչ վերաբերում է նպաստառուներին, ապա նրանք ունեն հսկայական զեղչեր»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ շահառուին գտնելը: Նա նշեց, որ նախորդ ուղիղ եթերի ժամանակ խոսել է այս մասին և այն մարդկանց, որոնք չունեն այդ օգնության կարիքը, խնդրել է գումարը կորոնավիրուսի դեմ պայքարի հիմադրամին փոխանցել:
«Եթերից հետո այլ գաղափար առաջ եկավ. դա այն է, որ ձեզ համար ոչ անհրաժեշտ աջակցության չափով գումարը տրամադրեք այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Միևնույն է, ձեր հաշվին փոխանցվելու է այդ գումարը: Դրանով կօգնեք մեզ, որպեսզի կառավարության տված գումարով փակենք բոլոր այն մարդկանց կոմունալները, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հենց սա կլինի սոցիալական կոմունալ համերաշխություն: