ՀՀ Կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2020 թ․ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 14 ստուգաթերթերը։
Ստուգումները լինելու են առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված։ Ռիսկերը գնահատվել են նախապես հաստատված մեթոդաբանության համաձայն։
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված են կառավարությանը ենթակա մարմինները, որոնց թվում են նաև ՀՀ օրենքի համաձայն ստուգում իրականացնող տեսչական մարմինները, այդ թվում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ Կառավարությունը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր իրավասությունների շրջանակում մինչ այս վերահսկողությունն իրականացրել է վարչական վարույթների միջոցով։ Մինչդեռ տեսչական մարմնի կողմից օրենքով և կանոնադրությամբ վերապահված լիազորություններն ամբողջապես իրականացնելու համար անհրաժեշտ էր Կառավարության կողմից հաստատել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի պահանջից բխող ստուգաթերթերը՝ նույն օրենքով սահմանված կարգով պլանային և ոչ պլանային ստուգումներ իրականացնելու նպատակով։
Հաստատվել է գործող իրավակարգավորումների համապատասխանող նոր մշակված 14 ստուգաթերթ։ Դրանցում ներառված հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
Նշված պահանջը ապահովելու նպատակով նախագիծը մշակող մարմնի կողմից նախապես իրականացվել է ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջների ռիսկայնության գնահատում։ Այնուհետև, մշակված ստուգաթերթերը տնտեսավարող սուբյեկտների մոտ անցել են նախնական փորձարկում (որոշ դեպքերում՝ մեկից ավելի տնտեսավարողների մոտ) կամ դրանք քննարկվել են ոլորտի մի քանի տնտեսավարող սուբյեկտների շրջանում, որոնց ընթացքում արձանագրվել և հաշվի են առնվել վերջիններիս դիտողություններն ու առաջարկությունները, ինչի արդյունքում ստուգաթերթերում ներառվել են ոլորտի առավել ռիսկային հարցերը։
Ստուգաթերթերը վերաբերում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության չորս բնագավառներին։ Ներկայացված 14 ստուգաթերթերով կվերահսկվեն՝
-
Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում՝
1. Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառը,
2. Ստոմատոլոգիական պրակտիկայի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառը,
3. Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունների, հանգստյան տների գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառը,
-
Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում
1. Դեղերի մանրածախ առևտրի բնագավառը,
2. Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրության բնագավառը,
-
Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում
1. Հիվանդանոցային գործունեության (մինչև 18 տարեկան երեխաների) բնագավառը,
2. Հիվանդանոցային գործունեության (18-ից բարձր տարիքի անձանց) բնագավառը,
3. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
4. Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
5. Վերարտադրողական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
6. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
7. Ստոմատոլոգիական պրակտիկայի բժշկական սպասարկման բնագավառը,
8. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բնագավառը,
-
Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում
1. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառը, որը աշխատանքի անվտանգության ոլորտում ամենառիսկային բնագավառն է։
ԱԱՏՄ-ի սույն թվականի տարեկան ծրագրով նախատեսված են ստուգումներ շուրջ 200 տնտեսավարողի մոտ։
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից: