Ապրիլի 27-ից շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թևոսյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից։
Նախագծի նպատակը հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում բարեփոխումների իրականացումն է։ Ներկայացվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։
Այսօր Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ նախագծի հեղինակներից պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Մխիթար Հայրապետյանը և Վահագն Թևոսյանը հանրությանը ներկայացրեցին, թե մեդիադաշտում ինչ կփոխի նոր օրենքը։
Վահագն Թևոսյանը նշեց, որ նախ՝ մեդիադաշտի տնտեսական հատվածը բովանդակայինից տարանջատելու համար դաշտում գործող ընկերությունները բաժանել են երկու խմբի՝ քոնթենտ արտադրողներ և այն ենթակառուցվածքները, որոնցով այդ քոնթենտը հասնում է հանրությանը։ Թևոսյանն ընդգծեց, որ առաջարկվող օրենքով կարգավորման ենթակա չէ որևէ մեդիածառայություն կամ զանգվածային լրատվության միջոց, որը տալիս է վիդեոարտադրանք, բայց օգտվում է ինտերնետ հոսթինգների ծառայությունից։ Կարգավորվում են այն ենթակառուցվածքները, որոնցով հեռարձակվում են մեդիածառայությունները՝ ուղիղ կապ հաստատելով կոնկրետ օգտատիրոջ հետ։ Ասաց՝ այս պահին այդպիսի գործիքակազմ ունի հեռուստաաշտարակը, կարող են լինել մասնավոր մուլտիպլեքսներ, ցանցային օպերատորներ, որոնք մատակարարում են հեռուստաքոնթենտ։
«Այս պահի դրությամբ ունենք մի քանի հանրային սահմանափակ նշանակությամբ գործիքներ, որոնց հետ կապված պետք է հայտարարվեն մրցույթներ, որպեսզի հասկանալի լինի, թե այդ սահմանափակ քանակությամբ հնարավորություններից ովքեր են օգտվելու։ Եթե մեդիածառայությունը չի ուզում մասնակցել սահմանափակ քանակությամբ ռեսուրսի օգտագործմամբ մրցույթին, կարող է ազատ հեռարձակվել ցանցային օպերատորներով։ Փոխարենը՝ ցանցային օպերատորներն են ստանում լիցենզիա և որոշակի պարտավորություններ ստանձնում՝ չհամագործակցել այն տեսալսողական մեդիածառայությունների հետ, որոնք ՀՀ օրենսդրությանը հակասող նյութեր կարող են տարածել»,- տեղեկացրեց Վահագն Թևոսյանը։
Նա նշեց, որ այն կարող է վերաբերել ատելության խոսքի, բռնության քարոզներին։ Դիստրիբյուտորների կողմից Հայաստան ներմուծվող ալիքների և այստեղ հեռարձակման կարգում ևս փոփոխություններ են նախատեսվել։
Հնարավորություն է ստեղծվում նաև, որ մասնավոր մուլտիպլեքսները երկու և ավելի մարզում կամ Երևանում կարողանան գործունեություն ծավալել։ Նախատեսվում է նաև ռադիոյի ցանցի թվայնացում։ Մարզային հեռուստաընկերությունների զարգացման համար էլ հնարավորություն կտրվի, որ Հանրային հեռուստաընկերության կրթական, գիտական, մշակութային սեփական արտադրության հաղորդումները ոչ ուշ, քան մեկ տարի հետո հեռարձակեն։
«Սա կնպաստի նաև հայաֆիկացմանը։ Այդ օրենքը նախ խստացնում է հայաֆիկացումը և անցումային դրույթներով ենթադրում, որ 1,5 տարի հետո պետք է 100 տոկոսանոց հայալեզու քոնթենտ լինի։ Այն չի վերաբերի երաժշտական, օտար լեզու սովորեցնող հաղորդումներին կամ ենթագրերով ֆիլմերին»,- նշեց Թևոսյանը։
Մխիթար Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ նախագծի շրջանառությունից հետո քաղաքացիների մեծ մասը ոգևորված էր, բայց պնդում էր, որ փակվեն որոշ հեռուստաալիքներ։ Պատգամավորը շեշտեց, որ իրենց քաղաքական թիմում նման հարց լինել չի կարող, և իրենք որևէ հաղորդում, հեռուստաալիք չունենալու խնդիր իրենց առաջ դնել չեն կարող, քանի որ դա իրենց արժեհամակարգին դեմ է։
«Մեր խնդիրն է սահմանել խաղի նոր ու առողջ կանոններ, որոնց միջոցով եթերը կմաքրվի, և այդ կանոններին կհետևեն մուլտիպլեքսից օգտվողները»,- ասաց Հայրապետյանը:
Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ կարևորեց նաև այն փաստը, որ օտարերկրյա հեռուստաընկերությունները Հայաստանի տարածքում միջպետական համաձայնագրերով կկարողանան հեռարձակվել։