Իսպանիայում ավելի քան մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսից օրական մահացության նվազագույն ցուցանիշը: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 268 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից մեկն է աշխարհում, որտեղ բացի վարակվածության ու մահացության բարձր ցուցանիշից, ամենախիստ սահմանափակումներն են իրականացվել: Եվ չնայած եվրոպական այս երկրում ստեղծված տխուր պատկերին, իրավիճակը կարծես չի ծանրանում: Հետևաբար՝ Իսպանիայի իշխանությունները հաջորդ շաբաթվանից ցանկանում են սկսել կարանտինային ռեժիմի ու խիստ սահմանափակումների թուլացման փուլային գործընթացը:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 213.435-ի, որտեղ բնակչության թիվը կազմում է 47 միլիոն: