ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Կառավարության այսօր ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառմանը, որը պարունակում է նաև բնապահպանական բաղադրիչ:
Փոխնախարարը նշեց, որ ծրագիրը ուռենիների կտրոնների միջոցով գետերի ափապաշտպան անտառաշերտերի տնկում է ենթադրում, որը նաև կօգնի մեղմել սոցիալապես խոցելի շերտերի եկամուտների կրճատումը:
«Ծրագիրը կիրականացվի վեց մարզերում. դրանք են՝ Սյունիքը, Լոռին, Շիրակը, Վայոց ձորը, Տավուշը և Գեղարքունիքը: Հիմնականում կլինեն բարձրադիր գոտիները: Ծրագիրը երեք կազմակերպությունների միջոցով է իրականացվելու: Մարդիկ կարող են աշխատանքներին ներգրավվել՝ հետևելով հայտարարություններին, որոնք կարվեն այն համայնքներում, որոնց վարչական տարածքներում են գտնվում գետերը: Խոսքը մինչև 1000 աշխատակցի մասին է, և նրանք կաշխատեն 10-15 օր»,- նշեց փոխնախարար Մելիքյանը:
Փոխնախարարը նշեց, որ նախնական գնահատմամբ՝ ամեն օր հնարավոր է առնվազն 200 կտրոն տնկել, հետևաբար՝ ծրագրի մասնակիցներն օրական կաշխատեն 10 հազար դրամ, քանի որ մի կտրոն տնկելը կարժենա 50 դրամ: Նախատեսվում է ընդհանուր առմամբ տնկել 2 միլիոն կտրոն, այս ծրագրի իրագործման համար էլ նախատեսված է 200 միլիոն դրամ:
«Բացի կտրոնների տնկումից՝ նախատեսվում է նաև ցանկապատում, որտեղ ևս կպահանջվեն աշխատակիցներ, և նրանք այդտեղ ևս գումար կվաստակեն»,- նշեց փոխնախարարն ու հրաժարվեց դեռևս գումարի հստակ չափեր նշելուց՝ հավելելով, որ այն կախված է ծավալներից:
Մելիքյանը նշեց նաև, որ աշխատանքները համակարգող կազմակերպությունները համապատասխան խորհրդատվություն կիրականացնեն, այսինքն՝ հատուկ գիտելիքներ ու փորձ աշխատանքը չի պահանջում: