Մայիսի 4-ին ԵՄ-ն և գործընկեր կառավարությունները կկազմակերպեն Coronavirus Global Response առցանց նվիրատվության միջոցառումը, որի նպատակն է՝ հավաքել միջոցներ COVID-19-ի բուժամիջոցների, ախտորոշման և պատվաստանյութերի մշակման համար, ինչպես նաև ապահովել դրանց համընդհանուր հասանելիությունն ու մատչելիությունը: Համաշխարհային համագործակցություն սկսելու համար նախնական նպատակ է սահմանվել 7,5 միլիարդ եվրոյի հավաքագրումը:
Միջոցառումը կազմակերպվում է ի պատասխան Առողջապահության համաշխարհային կազմակերպության և առողջապահական այլ համաշխարհային կազմակերպությունների համատեղ կոչի՝ կորոնավիրուսային համավարակի դեմ բժշկական լուծումներ գտնելու համար:
Միջոցառման մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար ԵՄ-ն ներգրավել է ամբողջ աշխարհից ազդեցիկ մարդկանց, որպեսզի նրանք պատրաստեն տեսագրություններ և ոգեշնչեն կառավարություններին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ նպաստելու վիրուսի դեմ պայքարին:
Միջոցառման ընթացքում ԵՄ-ն կհայտարարի նաև պահուստների շարունակական համալրման գործարկման ուղղությամբ համաշխարհային արշավի հաջորդ հանգրվանների մասին: