ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Անդրադառնալով հանցավորության մակարդակին՝ գլխավոր դատախազը նշեց, որ 2019 թվականին գրանցվել է 26850 հանցագործության դեպք։ Ասաց, որ նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերի աճ կա շուրջ 8,8 տոկոսով։
«Հիմնականում աճը պայմանավորվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ մասնավորապես, գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերով։ Սրանք գնահատում ենք մտահոգիչ, բայց միևնույն ժամանակ աճի վրա իրենց ազդեցությունն են ունեցել լատենտայնությամբ աչքի ընկնող բազմաթիվ հանցագործությունները, ինչը, ի տարբերություն նախորդ գնահատականի, հակառակը՝ դրական դինամիկայի վկայություն է»,- տեղեկացրեց Դավթյանը՝ հավելելով, որ լատենտային հանցագործությունների պարագայում դրանց աճը բոլոր երկրներում աքսիոմ է, որ դիտարկվում է որպես արդյունավետ աշխատանքի արդյունք։ Հնարավոր է եղել բացահայտել՝ քրեական հետապնդման մարմինների ակտիվ աշխատանքի արդյունքում։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե արդյոք 2019 թվականին դատախազությունում հանցագործության դեպքեր արձանագրվել են, Դավթյանը նշեց, որ 2019-ին շուրջ 50-ից ավելի կարգապահական վարույթներ են իրականացվել, եղել են մոտ 10 կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքեր։
«2020 թվականին ամենախիստ պատասխանատվության միջոցը եղել է պաշտոնից ազատում՝ կարգապահական տույժ է կիրառվել։ Նախորդ տարի, ցավալիորեն, ունեցել ենք նաև դատախազի կողմից հանցագործության դեպք՝ կաշառք վերցնելու։ Առաջին իսկ պահից ես դատավարական ղեկավարում իրականացնելով՝ հետևել եմ, որ անպայման լուրջ բացահայտումներ սրանով լինեն»,- հայտնեց գլխավոր դատախազը։
Նա ընդգծեց, որ իր համար՝ որպես համակարգի ղեկավարի շատ կարևորվում է, որ երբ ասվում է՝ «չի՛ ներվելու նման վարքագիծը»՝ մարդիկ կոնկրետ օրինակով դա տեսնեն։
Դավթյանը նշեց, որ կոնկրետ այդ դեպքով իր և գործընկերների հետևողականությամբ հաջողվել է դա ցույց տալ։ «Բոլորի համար պետք է շատ հստակ լինի դա։ Դատախազն այն պաշտոնյան է, որ մեկ ուրիշին հանցագորության մեջ պետք է մեղադրի, իսկ նրա կողմից հանցագործություն կատարելը բազմապատիկ ավելի մեծ հանցանք է կամ եթե կուզեք՝ մեղք է»,- ընդգծեց նա: