ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է իր և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Ալեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աջակցել են իրեն:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես և իմ ընկերը քայլում էինք, երբ տեսանք երեք երիտասարդի, որոնցից մեկը Արթուր Դանիելյանն էր: Ես և Արթուր Դանիելյանը եկանք միմյանց ընդառաջ, ինքը շատ երկար և անհասկանալի նայեց ինձ վրա: Բարևեցի, որին ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք հնչեց իմ հասցեին, դրան հետևեց այն, որ ինքս մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի Արթուրի քթին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող ասել, թե ճիշտ էր այլ կերպ վարվելը: Գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ փողոցում քայլող և իրեն բարևող մարդուն հայհոյել:
Նրանք երեքով էին, ես՝ մենակ: Փորձեցին ինձ քաշքշելով և հարվածելով կանգնեցնել: Ուզում էի հասկանալ՝ ով է ինձ փորձում հարվածել, փոքրիկ ծեծկռտուք տեղի ունեցավ այդ վայրում: Երբ խառնվեցին փողոցի մարդիկ, այդ երիտասարդները հեռացան:
Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքի համար, եթե սխալ եմ վարվել, թեև այն քայլերը, որոնք ես արել եմ, գնահատում եմ որպես ինքնապաշտպանություն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 1lurer.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով բերման է ենթարկվել 3 անձ: