Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գնային փոփոխություններ արձանագրած «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գործունեության, մասնավորապես, գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով:
Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող ապրանքատեսակը ներմուծվում է, ուսումնասիրությունն իրականացվել է ձեռքբերման և իրացման գների դինամիկաների, ինչպես նաև ՀՀ-ում տվյալ ժամանակահատվածում գործող գների համադրության համատեքստում:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների իրացման գները նվազել են՝ 1 լ բենզինի՝«ռեգուլյար» տեսակի համար՝ 80 դրամ կամ 19.5 տոկոս, «պրեմիում» տեսակի համար՝ 90 դրամ կամ 20.6 տոկոս, 1 լ դիզվառելիքի համար՝ 70 դրամ կամ 15.9 տոկոս:
Նույն ժամանակահատվածի համար ՀՀ-ում գործող միջին գները նվազել են համաչափ, որի արդյունքում ՀՀ և ԱՀ միջին գների 20 դրամ տարբերությունը պահպանվել է:
Հաշվի առնելով «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող երկու ընկերությունների առկայությունը՝ հանձնաժողովը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել վառելիքի գների փոփոխությունը՝ չհիմնավորված գների կիրառումը կամ պահպանումը բացառելու նպատակով: