Այսօր` ապրիլի 30-ին, ջազի սիրահարները նշում են Ջազի միջազգային օրը:
2011 թվականից անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենքոքի նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի հիման վրա ապրիլի 30-ը հռչակվեց Ջազի միջազգային օր:
Այդ օրը ամբողջ աշխարհում կազմակերպվում էին համերգներ ու փառատոներ անվանի ջազմենների մասնակցությամբ։ Հայաստանում Ջազի օրը նշվում էր ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արցախում։
Ջազֆեսթին հյուրախաղերով Հայաստան էին գալիս հանրահայտ երաժիշտներ, համերգներ էին կազմակերպվում ոչ միայն մեծ համերգասրահներում, այլև՝ սրճարաններում և զբոսայգիներում։
Այս տարի, հասկանալի պատճառով, բազմամարդ համերգներ չեն լինի։ Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքից տեղեկանում ենք, որ Ջազի միջազգային օրվա առիթով ծրագրված տոնակատարությունն ու համերգը Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) անցկացվելու է առցանց։ Դա վերաբերում է նաև մի շարք այլ միջոցառումների, որոնք նախատեսված էին ամբողջ աշխարհում՝ ապրիլի 30-ին։
Այսօր Գրինվիչի ժամանակով ժամը 19։00-ին կսկսվի համաշխարհային համերգն ամբողջ աշխարհից արտիստների մասնակցությամբ։ Գեղարվեստական ղեկավարն է ամերիկացի հայտնի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբի Հենքոքը։ Համերգը հեռարձակվելու է ուղիղ եթերում։
Համերգին մասնակցելու են բազմաթիվ արտիստներ, այդ թվում՝ Իգոր Բուտմանը, Եվգենի Պոբոժին, Ջոն Մաքլաֆլին, Ջեյն Մոնհայտը, Ջոն Բիզլին, Բեն Ուիլյամսը, Ջոն Սքոֆիլդը, Յուն Սուն Նան, Ա Բուն, Ջոի Դեֆրանչեսկոն։